суббота, 21 ноября 2009 г.

Turk is turk...

Թուրքիայի ներկայիս հայկական (քրիստոնեական) համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց եւ նման բազմաթիվ համայնքային հաստատություններ, որոնց միակ եկամուտն է համայնքի սեփականություն համարվող շենքերի վարձակալության գումարները: Ըստ որոշ տվյալների, ՀՀ անկախացումից հետո Թուրքիա է մեկնել մոտ 30.000 ՀՀ քաղաքացի: Սակայն, երբ խոսք է լինում հայկական համայնքի մասին, ոչ միայն քրիստոնեական, ապա ծպտյալ, թրքացած եւ քրդացած հայերի հետ հայության թիվը ներկայիս Թուրքիայում անցնում է 8-9 միլիոնից:
Եվ ահա, հիմա էլ կանգնած ենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շեմին, որի ստորագրման դեպքում պիտի առնչվենք հայության տարաբնույթ հատվածների հետ: Այս արձանագրություններից ոգեւորված ամեն անգամ մեր եւ օտար աղբյուրները հավաստում են, թե թուրքերն այլեւս էն թուրքերը չեն եւ պետք է բարեկամանալ այսուհետ: Բայց… ի թիվս հակահայկական այլ թուրքավարի դրսեւորումների, օրերս Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Ֆրանսիայում մի թուրք աշակերտ է պատժվել: Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար ֆրանսիական լիցեյներից մեկում սովորող 13-ամյա մի թուրք աշակերտ՝ Մուստաֆա Դողանը, 2 օրով հեռացվել է դպրոցից:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանամերձ Նենսի քաղաքի լիցեյներից մեկում այդ Մուստաֆան թուրքական ծագում ունեցող 5 այլ աշակերտների հետ մասնակցելով Հայոց ցեղասպանության շուրջ ծավալված քննարկմանը` մերժել է պատմական այդ իրողությունը: Ուսուցիչն էլ Մուստֆային ու նրա ընկերներին անմիջապես հեռացրել է դասասենյակից: Նախապես ասենք, որ հարցը չէր կարող ինքնըստինքյան հասունանալ այդ թուրք երեխաների մոտ… եթե ծնողների “դաստիարակությունը” չլիներ, գուցե նույնիսկ՝ հրահանգը:
Այնուհետեւ հարցը տեղափոխվել է պատմության դասաժամ եւ ինքնատիրապետումից զուրկ այդ թուրք աշակերտը, չկարողանալով սպառիչ պատասխաններ տալ ուսուցչին, նյարդայնացած արձագանքել է. “Հայերին ցեղասպանության չեն ենթարկել, եթե արել են, ուրեմն դրան արժանի են եղել”: Դրանից բարկացած ուսուցիչը պատժել է թուրք աշակերտին: Արժե հիշել, որ օրերս թուրքական խորհրդարանում քրդական հարցը քննարկելու ժամանակ, արդեն “հասուն” թուրք ծայրահեղական պատգամավորներից ոմանք, վայնասուն էին բարձրացրել, թե քրդական հարցն էլ պետք է լուծել՝ հիմա էլ նրանց կոտորելով: Շատ նման է “նոր թուրքերի” հայկական հարցի “հին” թուրքավարի լուծմանը…
Այնուհետեւ, թուրք երեխայից ուսուցիչը պահանջել է կատարել տնային հանձնարարություն՝ “Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. մարդկության դեմ ուղղված հանցագործություն” վերնագրով: Այս թուրք լամուկի ծնողները դեմ են եղել, որ իրենց որդին կատարի այդ հանձնարարությունը: Նրանք նույնիսկ դիմել են Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական մի կազմակերպության օգնությանը:
Այդ աշակերտին պատժած ուսուցիչ Ֆրանչոիշ Վինգոլան դեպքի առնչությամբ պարզաբանումներ է տվել “Հուրիեթ”-ին՝ ասելով. Մուստաֆայի արած “ուրեմն արժանի են եղել ցեղասպանության” արտահայտությունն անընդունելի է ու հակամարդկային: Իսկ մեր արածն ընդամենը մանկավարժական մի քայլ էր… Մուստաֆային կարգի հրավիրելու համար: Ուրիշ ոչ մի խնդիր չկա”:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած եւ դատապարտած պետություններից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովը 106 կողմ եւ 19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից ու ստորագրվի նախագահի կողմից: Այդ օրինագիծը 1 տարվա ազատազրկում եւ 45.000 եվրո տուգանք է նախատեսում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար:
Մինչդեռ նույնիսկ Հայաստանում չկա օրենքի այն ուժը, որ ստորագրված լինի ՀՀ նախագահի կողմից՝ Հայոց ցեղասպանության դեմ խոսողներին դատապարտելու համար:
Թուրքական մեջլիսը փորձել է արդարացնել ֆրանսաբնակ թուրք աշակերտի ամբարտավանությունը, այդ երկրի ազգային մեծ ժողովը պաշտոնապես արձագանքել է Ֆրանսիայի լիցեյներից մեկում սովորող թուրք ամբարտավան աշակերտի հետ կատարվածին:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ՝ Թուրքիայի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքուլը նախօրեին Ֆրանսիայի սենատի արդարադատության հանձնաժողովի եւ խորհրդարանի նախագահներին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է. “Երեխաները ազատ մտածելու եւ արտահայտվելու իրավունք ունեն”:
Հիմա ի՞նչ ասենք, թուրքը է՛լ էն թուրքը չէ՞, թե՞… Եթե նույնիսկ նույն թուրքը չէ, ապա թերեւս ավելի վտանգավոր ու խորամանկ է դարձել՝ “զարգացած” թուրք է արդեն, բայց ոչ թե մեր շատ հայերի նման “եվրաարժեքների” հետեւորդ` համեմված քրիստոնեական խոնարհությամբ ու վտանգավոր ներողամտությամբ:

Հայկ Թորգոմյան
“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 – 26, 2009թ.

Комментариев нет:

Отправить комментарий